Ջերմուկը պետք է փրկել. ցույցերը շարունակվում են
ՀասարակությունԻնչպես տեղեկացրել էինք, Ջերմուկում՝ Ամուլսարի հանքի շահագործումը և շինարարական աշխատանքները կասեցնելու համար տեղացիներն օրեր շարունակ ցույցեր են անում:
Բողոքի ակցիան պայմանականորեն դադարեցրին այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերջ տալ անհնազանդության ակցիաներին, ինչպես նաև տեղեկացրեց, որ ստուգումներ կսկսվեն ՀՀ մետաղական հանքերում:
Արդեն այսօր՝ հունիսի 4-ին, բողոքի ակցիաները վերսկսվեցին: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տեղացիները նշեցին՝ չստանալով կառավարությունից որևէ արձագանք կրկին փակել են դեպի ոսկու հանք բարձրացող դաշտամիջյան ճանապարհները:
«Խաղաղ ցույց է. Ջերմուկ մտնող ճանապարհները փակել ենք, իսկ հանքի աշխատանքները դադարեցված են: Այս հարցով մենք նաև Երևանում հունիսի 5-ին մամուլի ասուլիս ենք ունենալու: Ջերմուկը, որպես զբոսաշրջության վայր, պետք է փրկել»,- պատմեց ակցիայի կազմակերպիչներից Վազգեն Գալստյանը:
Նշենք նաև, որ ցուցարաները ճանապարհը փակում են հերթափոխով և ասում՝ ցույցը կդադարեցնեն միայն հանքի շինարարական աշխատանքերը կասեցնելուց հետո: