ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ
Աշխարհ
ԱՄՆ իշխանությունները սահմանափակումներ են մտցրել մեկ անձի և հինգ ընկերությունների նկատմամբ, որոնք ենթադրաբար կապված են Իրանի միջուկային ծրագրի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի կայքում տեղադրված տվյալների համաձայն սահմանափակումները վերաբերում են Իրանի քաղաքացուն և Իսլամական Հանրապետությունում տեղակայված հինգ ընկերությունների։ Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցները սահմանվել են իբր «իրանական միջուկային ծրագիրը կառավարող և վերահսկող առանցքային ընկերություններին աջակցելու» հիման վրա։ Ըստ ԱՄՆ վարչակազմի, ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք ենթակա են սահմանափակումների, «մատակարարել կամ արտադրել են կարևորագույն տեխնոլոգիաներ», որոնք իբր օգտագործվում են Թեհրանի միջուկային զենքի ստեղծման համար:
Պատժամիջոցների ցանկում ընդգրկվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և արգելում ամերիկյան քաղաքացիներին և ընկերություններին գործարքներ կնքել ցուցակում նշվածների հետ:
