ՀԷԿ-երի փակումից մինչև համայնքապետի հրաժարական. Եղեգիսում ցույց է
ՀասարակությունԻնչպես տեղեկացրել էինք, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչները բողոքում են տարածքում կառուցվող նոր ՀԷԿ-երից: Այսօր՝ հունիսի 4-ին, համայնքի բնակիչները փակել են Շատին և Եղեգիս գյուղ տանող ճանապարհները. պատճառը նույնն է, սակայն ավելացել է նաև համայնքապետ Արթուր Ստեփանյանի հրաժարականի պահանջը:
«Մենք մի քանի օր առաջ էլ ենք փակել ճանապարհները նույն պահանջով, և քանի որ որևիցե ընթացք չի տրվել, համայնքապետը նույնպես ոչինչ չի ձեռնարկել, մեր պահանջին այժմ ավելացրել ենք նաև նրա հրաժարականը: Եղեգիս գետը լրիվությամբ ցամաքել է: Սա օլիգարխիկ քաղաքականության արդյունք է. սա կոռուպցիա է, լուրջ կոռուպցիա, այս ամենի խորքում ավելի լուրջ բաներ են: Պատկան մարմինները պետք է արձագանքեն, քանի դեռ ավելի լուրջ ցնցումներ չեն առաջացել»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից՝ Տիգրան Եղոյանը:
Տեղացիների անհանգստության պատճառը ՀԷԿ-երի գործունեության պատճառով հասցվող լուրջ էկոլգիական վնասն է. նրանք պնդում են, որ Եղեգիս գետի վրա պատրաստվում են կառուցել ևս 4 ՀԷԿ: