Սաշիկի Նարեկը մարդ է առևանգել, այրել մարմնի տարբեր հատվածներ... նոր մանրամասներ Նարեկ Սարգսյանի գործից
ՀայաստանՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հետախուզական ծավալուն միջոցառումներով պարզել են, որ նախորդ տարի Երևանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առևանգել են ու ծեծի ենթարկել։ Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից՝ օգոստոսի կեսերին Երևանի բնակիչ, Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը՝ Արտեմ Պողոսյանը, նրան հրավիրել է հանդիպման։ Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պողոսյանը այլ անձանց հետ տղամարդուն առևանգել է ու նրա կամքին հակառակ՝ տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ։
Այնտեղ տղամարդուն ծեծել են, Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը՝ պատճառելով վնասվածքներ։ Այնուհետև նրան տեղափոխել են Նորագավիթում գտնվող «Սկանյա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու կրկին ծեծել։
Տղամարդուն բաց են թողել, երբ նա հավաստիացրել է, որ գիշերային ակումբների գործունեությամբ այլևս չի զբաղվելու։ Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն՝ քննության հետագա ընթացքը որոշելու։
31-ամյա Նարեկ Սարգսյանը միջպետական հետախուզման մեջ է, իսկ նրա անվտանգության ղեկավար 28-ամյա Արտեմ Պողոսյանը կալանավորված է՝ այլ քրեական գործի շրջանակներում։
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները:
Փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: