57-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը կալանավորվել է
ՀասարակությունԳյումրիում 57-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:
Նրա փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է երեկ երեկոյան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ: Առաջադրված մեղադրանքի մասին, սակայն, տեղեկատվություն չի տրամադրվում։
Նշենք՝ զինծառայողը ձերբակալվել է դեկտեմբերի 10-ին՝ Գյումրիում: Նա կասկածվում է Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ։ Վերջինս մահացել է դեկտեմբերի 2-ին՝ դաժան ծեծի հետևանքով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
Սպանված կինը Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակից է: Նա ընդգրկված է Տիգրան Մեծ փողոցում աշխատող հավաքարարների բրիգադում:
Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հերքել էր ռուսական ռազմաբազայի զինծառայողի առնչությունը դեպքին։