Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի միջադեպի առնչությամբ հարուցվել է քրգործ. Դատախազություն
ԻրավունքԶինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված հունվարի 8-ին արձանագրված միջադեպի փաստի առթիվ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Ռազմական ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Դատախազական հսկողությունն իրականացնում է Զինվորական դատախազությունը»,- փոխանցեց Արևիկ Խաչատրյանը։
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է. խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կողմից։
Հիշեցնենք, որ այսօր դեպի հավաքակայան երթեւեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով, սակայն տեսանյութում լսվում է, թե ինչպես են կոչ անում դադարեցնել պլանավորածը՝ «նկարում են, մի՛ արեք»: