Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ
ՔաղաքականԱյսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը։
«Դատարանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ամբողջությամբ մերժեց: Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ»,-այս մասին քիչ առաջ Վերաքննիչ դատարանում ասաց դատախազ Վահագն Մուրադյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 18-ի որոշման դեմ, որով բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: