ՊԵԿ-ում նոր, շատ ավելի աղմկոտ սկանդալ է հասունանում
ՎերլուծականՄամուլում տեղեկություն էր տարածվել, որ նախկին «Նորֆոլկ քոնսալթինգից» ՊԵԿ նոր ղեկավարությունն ազատվեց այն նպատակով, որ սեփական «նորֆոլկը» ստեղծի։ Խոսքը «Յունիսերվ» ՍՊԸ-ի մասին է, որը զբաղվելու է մաքսային միջնորդական ծառայությամբ եւ կարող է մոնոպոլիզացնել ոլորտը։ Արդեն փակվել են «Ուրբան» մաքսային տերմինալը եւ Արարատյան մաքսատանը գործող 3-րդ ձեւակերպման բաժինը, այդ գործառույթները կիրականացվեն «Յունիսերվ»-ի միջոցով։ Ըստ որոշ տեղեկությունների էլ, ընկերության հետեւում կանգնած են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանն ու ՊԵԿ նախկին փոխնախագահ, 2018-ի օգոստոսին պաշտոնից ազատված Արա Գաբրիելյանը:
Ըստ էության, Նորֆոլկի հոգևոր հայր համարվող Վարդան Հարությունյանից հետո ՊԵԿ-ում ոչինչ չի փոխվել և նորերը որոշել են հեծանիվ չհորինել, այլ գործել տարիներ առաջ գծված և աշխատող սխեմայով: Այս լուրի ֆոնին ուշագրավ է դառնում հակամարտությունը, որն ի հայտ էր եկել Անանյանի և ՊԵԿ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի՝ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի միջև:
Այս հակամարտությունը մի ողջ ոդիսականի էր վերածվել այն պատճառով, որ Կարապետյանն իր ստուգումների ընթացքում հայտնաբերել էր Անանյանի, այսպես ասած՝ մոնոպոլ հակումները, և դրանք հատկապես վառ արտահայտված էին մաքսային ոլորտում: Հասկանալի է, չէ՞, որ եթե Անանյանի քթի տակ նոր մոնոպոլիա է ստեղծվում, նա առնվազն տվել է դրա դաբրոն: Անանյանն էլ անում էր ամեն ինչ՝ Կարապետյանին մեկուսացնելու համար, սակայն ընդունենք, որ այս հարցում հաջողելը բարդ է, չէ՞ որ Կարապետյանը ոստիկանապետի քավորն է:
Ինչևէ, ըստ երևույթին վերոնշյալի մասին բարձրաձայնող Կարեն Կարապետյանի փաստաբանն այնքան էլ հեռու չէր իրականությունից և չի բացառվում, որ պարգևատրումների սկանդալը ՊԵԿ-ում երկրորդ պլան մղվի պայթող նոր, շատ ավելի աղմկոտ սկանդալի արդյունքում…