«Հրապարակ». Ծխախոտի նոր գործարան է կառուցել
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
«Դեռ անցյալ տարվա սկզբներից ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը սկսել էր Հայաստանում ծխախոտի գործարան կառուցել։ Այն ժամանակ Հարությունյանը ՊԵԿ նախագահն էր, ու նման խոշորամասշտաբ ներդրումը, բնականաբար, կարող էր լիարժեք իր նպատակին ծառայել՝ հարկայինում խնդիր չէր ունենա, հումքի ներմուծման հարցում՝ եւս։ Բայց ապրիլին տեղի ունեցավ հեղափոխություն, եւ Հարությունյանն ու նրա թիմը հեռացան իշխանությունից, Սերժի Վաչոյին էլ երկու անգամ բռնեցին-բաց թողեցին իրավապահները։ Մեր տեղեկություններով, սակայն, Հարությունյանի բիզնես պրոյեկտն այս ամիսներին կանգ չի առել, ներդրումներն ու գործարանի կառուցումը շարունակվել են, քանզի չէին կարող այդքան գումարը ջուրը լցնել ու հետ կանգնել պրոյեկտից։ Եվ շուտով՝ երեւի թե մեկ ամսվա ընթացքում, տեղի կունենա գործարանի բացումը։ Գործարանը, ինչպես տեղեկացանք, կառուցվում է Աբովյանի տարածքում, ծխախոտ արտադրող ընկերությունն էլ կոչվելու է «ԱրմՏաբակ»։ Ասում են՝ այս գործարանի կառուցումից հատկապես շատ էին նեղվել «Գրանդ տոբակոյի» տերերը՝ Վարդանյանները, որոնք սա համարում էին Սերժ Սարգսյանի իշխանության կողմից իրենց դեմ ուղղված դեմարշ։ Եվ թերեւս նաեւ սա նպաստեց, որ հեղափոխության օրերին «Գրանդ հոլդինգն» արագությամբ միացավ հեղափոխությանն ու նպաստեց Սերժ Սարգսյանի իշխանության հեռացմանը։ Բայց կարծես թե դա էլ նրանց չփրկեց, քանզի գործարանը, այնուամենայնիվ, կառուցվեց։ Մենք փորձեցինք կապ հաստատել Վարդան Հարությունյանի հետ, բայց չհաջողվեց, պարզվեց՝ երկրում չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում