Հայաստանը բարելավել է իր դիրքերը աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում
ՀայաստանՄԱԿ-ը Երջանկության միջազգային օրվա առթիվ հրապարակել է ամենամյա «Երջանկության համաշխարհային զեկույց»-ը՝ World Happiness Report-ը, որը 2012թ. ի վեր հրապարակվում է 7-րդ տարին անընդմեջ:
Փաստաթուղթը կազմելիս մասնագետները հաշվի են առնում մի շարք գործոններ՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, կյանքի տևողությունը, տվյալ պետության կառավարման և բնակչության երջանկության միջև ուղղակի կապերը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն:
Այս տարի վարկանշային աղյուսակը գլխավորել է Ֆինլանդիան՝ ճանաչվելով աշխարհում ամենաերջանիկ երկիր:
Դրան հաջորդում են Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ավստրիան, Ավստրալիան, Կոստա Ռիկան, Իսրայելը, Լյուքսեմբուրգն ու Մեծ Բրիտանիան:
Ընդհանուր առմամբ, ցանկում ներառվել է աշխարհի 156 պետություն, այդ թվում՝ Հայաստանը: Մեր երկիրը, ինչպես նաև հարևան Իրանն ու Վրաստանը հավաքել են 4,5-ական միավոր: Հայաստանը, ի տարբերություն նախորդ տարվա, իր դիրքերը բարելավել է 13 միավորով և գտնվում է 116-րդ հորիզոնականում: