Ուզում էին լավ լինի, ստացվեց՝ ինչպես միշտ. ԱԳԼՃԿ-ներում գազը թանկացել է
ՏնտեսությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 1-ից Հայաստանում ԱԳԼՃԿ-ներում գազը պետք է վաճառվի կիլոգրամներով, քանի որ կառավարությունը բազմաթիվ բողոքներ է ստանում, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ: Թեև կառավարությունն այս որոշումը հիմնավորեց նրանով, որ տնտեսվարողները քաշի մեջ չխաբեն ժողովրդին, սակայն քաղաքացիներն ահազանգում են՝ արդեն 2 օր է՝ խայտառակ իրավիճակ է տիրում ոլորտում, գազը թանկացել է 15-20%-ով: Նրանք պահանջում են կա՛մ սեղմ ժամկետում վերանայել որոշումը, մշակել հստակ չափորոշիչներ, կարգի հրավիրել անբարեխիղճ տնտեսվարողներին, կա՛մ վերադառնալ նախկին խ/մ-ով վաճառքի տարբերակին, մինչև հասկանալի կլինի, թե կգ-ով վաճառքն ինչպես է իրականացվելու, ով է վերահսկելու, քաղաքացին ինչպես է վստահ լինելու, որ իր վճարած գումարի դիմաց ստանում է համարժեք գազ:
Վարչապետ Փաշինյանը նշել էր, որ եթե գազի գինն, այնուամենայնիվ, բարձրանա, սպառողը դրանից չի տուժելու, որովհետև սպառողը, վճարելով x գումար, կստանա այնքան գազ, ինչքան ինքը ենթադրում է, որ պետք է ստանա։ Սակայն քաղաքացիները հակադարձում են՝ տվյալ դեպքում գնի բարձրացմանը զուգահեռ մեքենաների վազքը մեկ լիցքավորման դեպքում ավելանալու փոխարեն նվազել է, ու մարդիկ զգալի վնասներ են կրում։
ԼՈւՐԵՐ․com—ի հետ զրույցում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը պարզաբանեց, որ հիմա անցումային փուլ է և ԱԳԼՃԿ-ներում գազի վաճառքը կիլոգրամներով վաճառելու նպատակը անբարեխիղճ տնտեսվարողների կողմից սպառողներին խաբելու ռիսկը հնարավորինս նվազեցնելն է․ «Ներկա պահին տվյալ օրենսդրական փոփոխության մասին փաթեթը գտնվում է ԱԺ-ում: Օրենքի ընդունման պահից կանցնենք կգ-ով վաճառքի, բայց քանի դեռ չենք անցել, ցավոք կան տնտեսվարողներ, որոնք շարունակում են անբարեխիղճ ճանապարհով ստանալ գերշահույթներ, նրանք մեր տեսչական մարմնի կողմից արդեն իսկ բանավոր զգուշացվել են, և եթե շարունակեն նույն կերպ, ստիպված կլինենք կիրառել մեծ տուգանքներ, չնայած որ չէինք ուզում այդ ճանապարհով հարցին լուծում տալ»,- ասաց նա:
Հարցին՝ ո՞ր տնտեսվարողների մասին է խոսքը, Կոտոլյանն ասաց՝ երևանում գործող բոլոր ԱԳԼՃԿ տնօրենների։ Դիտարկմանը՝ այսինքն, ուզում եք ասել՝ բոլորն էլ անբարեխիղճ ճանապարհով փորձում են գերշահո՞ւյթ ստանալ, Կոտոլյանը պատասխանեց․ «Ոչ, բայց բոլորի հետ հեռախոսազրույց ենք ունեցել, եթե կան այնպիսիք, որոնց բաց ենք թողել, ապա 2-3 ժամվա ընթացքում նրանք ևս կզգուշացվեն»,- նշեց նա։
Սոնա Հարությունյան