Առողջապահության նախարարի նախկին խորհրդականը տապալեց Արսեն Թորոսյանի ասուլիսը
ՔաղաքականԱյսօր՝ սեպտեմբերի 3-ին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ։ Ասուլիսի ժամանակ ներս է մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին:
Ի պատասխան` նախարար Արսեն Թորոսյանը հեռացավ դահլիճից` տեղը զիջելով Գևորգ Թամամյանին:
«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և բժիշկ, ամեն օր շփվում եմ հիվանդների հետ, ունեմ հարցեր նախարարին, բայց այդպես էլ չկարողացա տալ այդ հարցերը, նախարարը թողեց և հեռացավ ու անկյունում հարցազրույց տվեց: Դա հարիր չի նախարարին, որ կամերաների դիմաց առյուծ է կտրում»,-ասել է նախարարի նախկին խորհրդականը:
Գևորգ Թամամյանը նշեց, որ Թորոսյանի հեռանալը ասուլիսից, նշանակում է, որ նա խուսափում է հարցերին պատասխանելուց։
«Նման էր ՍերԺ Սարգսյանի հեռանալուն»,-ասաց Թամամյանը։