Ryanair-ը 2020 թ․ թռիչքներ կիրականացնի Հայաստանից դեպի արտերկիր
ՏնտեսությունRyanair իռլանդական ավիաընկերությունը, որն ամենամեծ ուղևորափոխադրողներից է, 2020թ․ կսկսի չվերթներ իրականացնել Հայաստանից։ Ավիաընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանն այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ ներկայացրեց ընկերության և հայկական շուկայում գործունեություն ծավալելու մասին:
Նա նշեց, որ հաջորդ տարվա ամռանից Գյումրիի օդանավակայանից թռիչքներ կկատարվեն Մեմմինգեն (Մյունխենի մոտակայքում)։ Հունվարից թռիչքներ կիրականացվեն Հռոմ և Միլան, իսկ ամռանը՝ դեպի Բեռլին:
Ավիաընկերության տնօրենի խոսքով՝ ավիատոմսերի միջին արժեքը կազմում է 35 եվրո և այսօրվանից հնարավոր է ամրագրել ավիատոմսերը Ryanair ընկերության կայքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ryanair-ը, պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը համոզված է, որ դրա արդյունքում դեպի Եվրոպա ավիատոմսերի գները կնվազեն․ «Նրանք կոնկրետ ասացին, որ ուզում են շուկա մտնել 2020 թվին։ Ասացին նաև, որ իրենց տոմսի միջին արժեքը 40 եվրո է։ Պարզ է, որ Հայաստան 40 եվրոյով չեն կարող թռչել, բայց հաստատ 350, 400, 500 եվրոյով չեն թռչի»,- ասել է նա: