«Սոցիալական շարժումը» մեկնարկեց (լուսանկարներ)
ՔաղաքականԱյսօր՝ նոյեմբերի 23-ին, մեկնարկեց «Սոցիալական շարժումը», որն անդրադառնալու է տարբեր հարցերի՝ սոցիալական, տնտեսական խնդիրների, Արցախի հարցին, զինվորներին, առողջապահական ոլորտի խնդիրներին և բազմաթիվ այլ օրակարգային հարցերի:
Շարժումն իր շուրջ էր հավաքել մի շարք քաղաքական գործիչների՝ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանին, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, «Առողջ հանրություն» ՀԿ-ի նախագահ Մարինա Խաչատրյանին և այլոց:
Շարժման նախաձեռնող անդամների խոսքով՝ պետք է հավաքվեն, բաժանվեն խմբերի ու ձևավորեն օրակարգ՝ առնվազն մեկ-երկու ամսվա ընթացքում եղած բոլոր առաջարկները դարձնեն փաստաթուղթ և այն դնեն ժողովրդի ու իշխանության առջև։
Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էին տարբեր սոցիալական խմբեր, նախաձեռնություններ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև բազմաթիվ անհատներ: Նրանց թվում էին սևազգեստ մայրերը, «Զինվոր» ՀԿ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը, «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը, «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, ազատամարտիկ, ռազմական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը և այլք:
Նոյեմբերի 25-ին «Սոցիալական շարժումը» տարբեր մարզերում կբացի գրասենյակներ, և տարբեր խնդիրներ ներկայացնող կազմակերպություններն ու անձինք կարող են միանալ և բարձրաձայնել իրենց հարցերը: