Մա՛մ, սիրում եմ քեզ, մի՛ վախեցեք, հանգիստ եղե՛ք
Հասարակություն
Ժամկետային զինծառայող 19-ամյա Սամվել Մանասյանը ևս հավերժացավ՝ կյանքը նվիրելով հայրենիքին: Սամվելը ծնվել էր Երևանում, սակայն ապրել և մեծացել էր Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Սամվելի մայրը՝ Սոնա Մանուկյանը, ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց իր և որդու ունեցած վերջին հեռախոսազրույցը. «Ես միշտ հարցնում էի Սամվելից՝ Սա՛մ, դու ինձ սիրո՞ւմ ես, ինքն էլ շատ ամաչկոտ երեխա էր ասում էր՝ հա, մա՛մ, ու այդքանը: Իսկ վերջին անգամ, երբ խոսեցինք ինձ հարցրեց՝ մամ այն, որ միշտ հարցնում էիր ինձ, ուզում եմ ասել, որ պատասխանս ուժի մեջ է: Սամվելս այս անգամ էլ բառերով չկարողացավ ասել, որ ինձ սիրում է, ինքը բնույթով շատ փակ երեխա էր: Միշտ ինքն էր մեզ հույս տալիս ասում էր՝ դուխո՛վ, մի՛ վախեցեք, հանգիստ եղե՛ք»,- ասաց հերոսի մայրը:
Մայրը, հուզմունքից չկարողանալով շարունակել զրույցը մեզ հետ, Սամվելի մասին պատմել շարունակեց ընտանիքի բարեկամ՝ Սերինե Խաչատրյանը. «Սամվելը շատ հումորով էր ու կենսուրախ, ազատ ժամանակ շատ էր սիրում նկարել ու քանդակել»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտանիքում երկու եղբայր էին, ավագը՝ Սամվելը:
Անդադար աշխատանքի մեջ լինելով՝ հերոսը ժամանակ է գտնում նաև սիրահարվելու, սակայն այդպես էլ չի բարձրաձայնում իր զգացմունքների մասին. «Սպասում էր ծառայության ավարտին, որ սկսեր կառուցել իր անձնականը: Շատ նպատակներ ուներ. ուզում էր գար, աշխատեր, գումար հավաքեր, որ հող, տուն և մեքենա գներ: Ասում էր, որ միայն այդ դեպքում կմտածի ամուսնության մասին»,- նշում է Սերինե Խաչատրյանը:
Սամվելը ծառայում էր Մատաղիսում, և ինչպես նշում է ընտանիքի բարեկամը, ամեն արձակուրդի ժամանակ մայրիկին գեղեցիկ անակնկալներ էր մատուցում. «Վերջին անգամ, որ խոսել է մայրիկի հետ, ասել է, որ իր համար խաչ է պատրաստել, որ բերի իր հետ ու նվիրի, անգամ, իր մայրիկի անունն էր ասեղնագործել: Սամվելի ձեռքով պատրաստված խաչը, այնուամենայնիվ, եկել-հասել է իր մայրիկին, այն Սամվելի պարանոցին էր...» ,- ընդգծեց ընտանիքի բարեկամը:
Թշնամու դեմ մղած համառ մարտերում Սամվելը զոհվեց հոկտեմբերի 18-ին, թշնամու արձակած ԱԹՍ-ի հարվածից:
