Նարեկ Սարդարյանը շարունակում է մնալ գերության մեջ, թեև նրա անունը կար վերադարձածների ցանկում
ՀասարակությունՌուս խաղաղապահների միջնորդությամբ երեկ տեղի ունեցավ գերիների փոխանակման գործընթացը, որի արդյունքում Ադրբեջանից Հայաստան տեղափոխվեցին 44 հայ գերեվարվածներ: Նրանց ցանկում կար նաև հուլիսի 8-ին սեփական անասուններին արոտավայր տանելու ճանապարհին գերեվարված Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանը, որը գտնվում էր Նախիջևանում:
Նարեկի կինը՝ Հերմինե Առաքելյանը, ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց, որ, թեև ամուսնու անունը կար վերադարձած 44 գերիների ցուցակում (համացանցում հայտնված ոչ պաշտոնական ցուցակում 45 անուն է՝ ներառյալ Սարդարյանինը, որի անվան դիմաց չկա հաստատող նշան), բայց նա չի վերադարձել: Կինն այլ տեղեկություն չուներ:
Ներքին Խնձորեսկի համայնքապետարանից մեզ հայտնեցին՝ քանի որ Նարեկը Նախիջևանում էր, իսկ մյուս գերեվարված մեր հայրենակիցներին Ադրբեջանից են տեղափոխել Հայաստան, Նարեկը պետք է Նախիջևանից գար, ապա վստահեցրին՝ անունը կա՝ վերադառնալու է:
Նշենք, որ Սարդարյանի ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը դեռևս տեղեկություն չուներ, թե երբ գերությունից կվերադարձվի Նարեկ Սարդարյանը:
Նարեկ Սարդարյանը շարունակում է մնալ գերության մեջ:
Արփինե Հակոբյան