«Խոզի միսը թանկացել է՝ սխտոր կերեք». սրամտող վարչապետի օրոք անգամ սխտորն է թանկացել՝ 95.4%-ով
ՏնտեսությունՍննդամթերքի որոշ տեսակների գները Հայաստանում էականորեն բարձրացել են: Սա փաստում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցը՝ համեմատելով այս տարվա հունվարի գները նախորդ տարվա հունվարի գների հետ։
«Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2021 թ. հունվար» զեկույցի համաձայն` նախորդ ամիս՝ 2020 թ. հունվարի համեմատ, օրինակ, արևածաղկի բուսական յուղի միջին գինը աճել է 44.3 տոկոսով, շաքարի և շաքարավազի գինը՝ 40.7 տոկոսով, ձվի գինը բարձրացել է 26.4 տոկոսով:
Ընդհանուր առմամբ, կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021 թ. հունվարին՝ 2020 թ. հունվարի համեմատ արձանագրվել է 7.7 տոկոս գնաճ:
Մրգի ապրանքախմբում այս հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, արձանագրվել է գների բարձրացում 12 տոկոսով, իսկ բանջարեղենի ապրանքախմբում՝ 9.9 տոկոսով:
2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, ԱԺ ամբիոնից հայտարարում էր. «Գիտությունը պարզել է, որ խառը կանաչին էլ է օգտակար, գիտեք ինչ վիտամիններ կան մեջը: Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք՝ գիտեք ինչ օգտակար է: Կամ՝ խոզի միսը թանկացել է՝ սխտոր կերեք, ի՞նչ եք խառնվել իրար, այ ձեր ցավը տանեմ...»:
«Օգտակար» խառը կանաչի խորհուրդ տվող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կանաչու գինը բարձրացել է ավելի քան 53.5 տոկոսով:
Խոզի մսի փոխարեն էլ խորհուրդ էր տալիս սխտոր ուտել. նկատենք, որ սխտորի գինն աճել է 95.4 տոկոսով. այժմ ի՞նչ այլընտրանք կառաջարկի վարչապետը:
Նկատելիորեն աճել են հացի և ալյուրի գները. 2021 թ. հունվարին՝ 2020 թ. հունվարի համեմատ, համապատասխանաբար` 7.9 տոկոսով և 12.5 տոկոսով:
Ընդհանուր առմամբ, սննդամթերք, խմիչք և ծխախոտ հատվածում այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, գները աճել են 6.8 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 5.5 տոկոսով։
Արփինե Հակոբյան