Նախկին վարչապետերի դեպքում դա ձախողում էր, Փաշինյանի դեպքում՝ հաջողությո՞ւն
ՎերլուծականԸնդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ով պատգամավոր է եղել երեք վարչապետերի՝ Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի ղեկավարման տարիներին, անկախ վերջիններիս գրանցած տնտեսական աճի ցուցանիշներից, այդ ցուցանիշները համարում էր տնտեսության ձախողում:
2014թ. ապրիլին Հովիկ Աբրահամյանը, նշանակվելով վարչապետ, խուսափեց կտրուկ փոփոխություններից: Կառավարության ծրագրում նա նպատակ էր դրել «զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում՝ ՀՆԱ-ի միջնաժամկետ 5% աճի միջոցով»: Հետագայում պարզվեց, որ նույնիսկ 5%-ը հնարավոր չի լինի ապահովել:
Արդյունքում՝ ՀՀ տնտեսական աճը 2014-ին կազմել է 3.4%, իսկ 2015-ին՝ դրանից էլ քիչ. ընդամենը 3%՝ պետբյուջեում ամրագրված 4.1%-ի փոխարեն: 2015-ը երրորդ անընդմեջ տարին էր, երբ Հայաստանին չհաջողվեց հասնել պետբյուջեով նախատեսված աճի ցուցանիշին: Եթե համեմատենք Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման վերջին տարվա հետ, տարբերությունը շատ չէ. 2013-ին ՀՀ տնտեսական աճը կազմում էր 3.5%: Սակայն դրանից ևս մեկ տարի առաջ՝ 2012-ին, տնտեսական աճը գրեթե կրկնակի ավելի էր՝ 7.2%:
2017 թվականին Կարեն Կարապետյանի կառավարման մեկ տարվա արդյունքում ՀՀ-ն ունեցավ 7.5 տոկոս տնտեսական աճ:
Հետաքրքիր է, որ բոլոր դեպքերում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դժգոհ էր, տարատեսակ էպիտետներ էր օգտագործում բնորոշելու համար թե՛ վերջիններիս կառավարության ծրագրերը, թե՛ տնտեսական քաղաքականությունն ու դրա արդյունքները: Սակայն, հետաքրքիր է, որ նախկին վարչապետերի կողմից գրանցած 3 կամ 7 տոկոս տնտեսական աճը, չգիտես ինչու, համարվում էր տնտեսության ձախողում, իսկ այ իր՝ Փաշինյանի կառավարության կողմից գրանցած 5 տոկոսը՝ մեծագույն ձեռքբերում...