Ես չեմ հրաժարվել Հայաստանից, ուղղակի այդպես է ստացվել. Լևոն Արոնյան
ՍպորտԱյնպես է ստացվում, որ քո երկրի իշխանությունը շախմատի զարգացումը տեսնում է այլ ճանապարհով եւ դու չես կարող ասել՝ ոչ, դա ճիշտ չէ։ Ես պետք է դրսում ապրեմ, որովհետեւ այնտեղ է այն հնարավորությունը ու վերաբերմունքը, որն ինձ անհրաժեշտ է իմ շախմատային ներուժի առավելագույնին հասնելու համար։ Հայաստանում որեւէ մեկից չեմ նեղանում եւ դժգոհ չեմ։ Ես միայն ուզում եմ, որ մեր երկրում շախմատը չկորի։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Լեւոն Արոնյանը, հաղորդում է Sport.news.am-ը։
Նոյեմբերի 26-ին Երեւանի Աբովյան 62 հասցեում պաշտոնապես վերաբացվեց Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի անվան շախմատի դպրոցը։
Վերաբացմանը ներկա էր Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի հետ շրջեց դպրոցում, հետեւեց դասավանդման գործընթացին։
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը 2018 թվականի հոկտեմբերից պետական ֆինանսավորման բացակայության պատճառով փակվել էր: Այդ շրջանում Պետական եկամուտների կոմիտեի հովանու ներքո գործող «Միկա» մարզահամալիրը, որտեղ էլ գործում էր շախմատի դպրոցը, հանձնվել էր ԿԳՄՍ նախարարությանը եւ դադարեցվել էր շախմատի դպրոցի ֆինանսավորումը։ 2021 թվականի հուլիսից դպրոցը վերսկսեց աշխատանքները «Վերածնվող միտք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։
«Շախմատը մեր ազգի համար շատ կարեւոր է, այն հնարավորություն է տալիս ճանաչել Հայաստանը։ Այլ մարզաձեւերում մենք հաջողակ ենք, բայց շախմատը միակ ձեւերից է, որ ունենք պատմության մեջ ամենամեծ նվաճումները։ Եթե դու շախմատով հետաքրքրվում ես, անպայման կիմանաս Տիգրան Պետրոսյանին, մեր թիմի հաղթած երեք Օլիմպիադաների, իմ նվաճած աշխարհի երկու գավաթների մասին, այդպես կիմանաս նաեւ Հայաստանը։ Մենք պետք է փորձենք ունենալ շատ շախմատիստներ։ Այս դպրոցում ունենք լավագույն մարզիչներին, որոնք մնացել են Հայաստանում։ Փորձում ենք բոլորով մի բան անել, որ շարունակվի այն կյանքը, ինչ մենք նվիրել ենք շախմատին»,- ասաց Լեւոն Արոնյանը։
Լեւոն Արոնյանը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Այս ընթացքում նաեւ գտնվում է ԱՄՆ-ում մարզական քաղաքացիություն ստանալու գործընթացում։
«Ես չեմ հրաժարվել Հայաստանից, ուղղակի այդպես է ստացվել։ Հայաստանում որեւէ մեկից դժգոհ չեմ։ Եթե պետք է ծառայեմ իմ ազգին, պետք է այն քայլերին դիմեմ, որոնցով կկարողանամ ծառայել իմ ազգին։ Ես նվիրված եմ իմ հայրենիքին, մտքերս եւ խոսքերս պարզ են, հպարտ քայլում եմ եւ անում իմ աշխատանքը։
Հասկանալի է, որ մեր երկիրն այսօր մեծ փորձությունների միջով է անցնում։ Կարծում եմ՝ այս շրջանում մեր հույսը չպետք է կորցնենք։ Գլխավորն այն է, որ ամենքս մեր բնագավառում մեր գործը շարունակենք։ Ես շախմատիստ եմ եւ ուզում եմ, որ շախմատն այս երկրում զարգանա, չկորի։
Ես Հայաստանում չեմ ապրում, բայց Հայաստանն ինձ համար ապրելու լավագույն տեղն է աշխարհում։ Այս պահին, եթե ես պետք է կենտրոնանամ իմ շախմատային պոտենցիալի վրա, հասցնեմ այն առավելագույնի, չեմ կարող ապրել Հայաստանում։ Պետք է դրսում ապրեմ, որովհետեւ այնտեղ է այն պայմանները եւ այն վերաբերմունքը, որն ինձ անհրաժեշտ է։ Շատ մարդկանցից այդ վերաբերմունքն այստեղ կա։ Մեր ազգն ու ժողովուրդը շատ է սիրում շախմատ, բայց այդպես է լինում, որ քո երկրի իշխանությունը ինչ-որ մի ճանապարհ է տեսնում եւ որոշում է, որ դա է ճիշտը։ Այստեղ դու չես կարող ասել՝ ոչ, սա է ճիշտ։ Դու քո կարծիքն ես հայտնում, բայց քո պետությունը որոշում է ինչ-որ մի ճանապարհով գնալ։ Կարող ես նեղանալ, բայց ես չեմ նեղանում։ Ես գիտեմ, որ իմ ճանապարհը պետք է անցնեմ»,- ասաց Լեւոն Արոնյանը։
Լուսինե Շահբազյան