«Թավշյա» պաշտոնյաների տապալված առաքելությունները
ՎերլուծականՎերջին մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, ի թիվս այլ դեպքերի, քննության առարկա պետք է դառնան նաև պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը: Դիտարկելով Փաշինյանի նշանակած, նրա հովանու ներքո աշխատող պաշտոնյաների ՕԳԳ-ն՝ լուրջ հարց է առաջանում` իսկ քննություն անելն իսկապես անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ամեն բան այսպես էլ է պարզ:
Դիցուք՝ տարվա սկզբում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստանում էր տարվա ավարտին ապահովել երկնիշ տնտեսական աճ, հակառակ դեպքում` Քերոբյանը խոստանում էր հրաժարական տալ: Տարվա ավարտին, սակայն, Քերոբյանն անցավ արդարացումներ որոնելու սուրբ գործին, իսկ տնտեսական աճը հեռու է երկնիշ լինելուց, այն ընդամենը 4 տոկոս է:
Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո խոստանում էր վերսկսել բանակցային գործընթացը, վերադարձնել բոլոր գերիներին: Մեկ տարի անց բանակցային գործընթացի վերսկսման որևէ նախադրյալ չի երևում, գերիների վերադարձն էլ, ըստ նույն Փաշինյանի, երկար պրոցես է և շուտափույթ լուծում չի ենթադրում:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը եկել էր հայկական ֆուտբոլը ծնկած վիճակից բարձրացնելու և հեղափոխական նորարարություններ անելու: Արդյունքում ունենք ֆուտբոլի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականների խայտառակ ելույթներ միջազգային ասպարեզում, իսկ ակումբային ֆուտբոլը շարունակում է խրված մնալ տարատեսակ սկանդալային պատմությունների մեջ:
Երևանի քաղաքապետարանն արդեն երեք տարի է` խոստանում է մետրոյի նոր կայարանի կառուցում, սակայն, միայն շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ մետրոն ամեն դեպքում կկառուցվի, պարզապես՝ հսկայական վարկային միջոցներ ներգրավելով և ոչ թե այս տարի, այլ մոտավորապես 2024 թվականին: Հարց է՝ Մարությանն այդ ժամանակ կլինի՞ քաղաքապետ, թե նրա նախընտրական խոստումը մեկ ուրիշն է իրագործելու:
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը խոստանում էր քաղաքը մաքրել հանցավոր կլաններից, բարելավել էջմիածինցիների սոցիալական վիճակը, իսկ մի քանի ամիս անց հայտարարում էր, որ բնակիչները սովոր են բոլոր թերացումներն ու բացերը բարդել քաղաքապետարանի վրա. թերևս, բնակիչներն ամեն դեպքում թերացումներ գտել են և բնական է, որ պետք է բարդեն դա քաղաքի ղեկավար մարմնի կողմից՝ իր աշխատանքները թերի կատարելու վրա:
Հետաքրքիր մտածելակերպով է աչքի ընկնում Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը: Խոսելով աշխատատեղերից պակասից` քաղաքապետը նշել է, որ, ի տարբերություն շատ այլ համայքների, Արմավիրում այդ խնդիրն այնքան էլ ցայտուն արտահայտված չէ, քանի որ իրենք մոտ են գտնվում Երևանին: Բացի այդ, շատ երիտասարդներ աշխատանք են գտնում հենց քաղաքապետարանում: Այսինքն` ստացվում է, որ մասնավոր հատվածը այդպես էլ չի զարգացել, քաղաքապետարանը մասնավորի հետ աշխատելու, վերջինիս խթանելու լուրջ աշխատանքներ չի կատարել և արդյունքում գլուխ է գովում այն փաստով, որ երիտասարդներին կարողացել են բերել պետական հատված: Ի դեպ, հասկանալի է, թե ինչու և ում չէր գրավի պետական հատվածում բաժանվող պարգևավճարների չափը: Անհասկանալի է նաև Երևանին մոտ գտնվելուն հղումը, այսինքն` մարզում աշխատանքի խնդիրը չի լուծվել, սակայն լավ է կա Երևանը, մոտ է, կգնան կաշխատեն, հետ կգան:
Հայկակ Արշամյանի ղեկավարած «Հայաստան» հիմնադրամում միջազգային աուդիտ պետք է անցկացվեր, որոնց արդյունքները մինչ օրս լայն հանրությանը հայտնի չեն, ասել է թե՝ պատկան պաշտոնյաները թաքցնելու բան ունեն, եթե այդչափ գաղտնապահ են դարձել և չեն ցանկանում բացահայտ խոսել, թե ուր են գնացել համայն հայության կողմից հավաքած միլիոնավոր դոլարները:
Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը խոստանում էր ներգաղթ ապահովել Հայաստան, այնուհետև ինքն իրեն խմբագրեց և հայտարարեց, որ ներգաղթի որևէ նախադրյալ չկա: Իսկ ո՞վ պետք է ստեղծեր այդ նախադրյալը, եթե ոչ պատասխանատու պաշտոնյան, այսինքն՝ ինքը՝ Սինանյանը, դժվար է կռահել:
Եթե կարճ, ապա հենց այսպիսինն է Փաշինյանի նշանակած պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը, որը, կարծես թե, նույնիսկ խորքային քննության կարիք չունի, ամեն ինչ այսպես էլ է պարզ...: