Նիկոլ Փաշինյանը «մաքրում» է Գարիկ Սարգսյանի ճանապարհը
ՎերլուծականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է ուղարկել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի դեկտեմբերի 3-ին»:
Ընդ որում, այս ձևակերպումից այնքան էլ պարզ չէ՝ Թևոնյանն ինքն է ցանկացել մեկնել արձակուրդի, թե դա Փաշինյանի որոշումն է: Թերևս երկրորդը, սակայն, այս դեպքում էլ որոշումը տարօրինակ է, քանի որ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ մարզպետին արձակուրդ տրամադրելը, մեղմ ասած, տարակուսելի է և հարցեր է առաջացնում:
Մամուլը գրել էր, որ Արարատում Գարիկ Սարգսյանի և Ռազմիկ Թևոնյանի ջրերը, մեղմ ասած, մեկ առվով չեն հոսում, նրանք մեկը մյուսի վրա գործ են տալիս Փաշինյանի մոտ, վարչապետն էլ մնացել է երկու քարի արանքում: Թերևս Փաշինյանն այդ արանքից, ի վերջո, դուրս է եկել, ինչն էլ նշանակում է, որ Թևոնյանի գլխին մութ ամպեր են կուտակվում, չի բացառվում, որ ՏԻՄ ընտրություններից հետո նա ընդհանրապես չվերադառնա իր պաշտոնին, իսկ մարզպետի աթոռը բաժին հասնի կա՛մ Սարգսյանին, կա՛մ նրա յուրայիններից մեկին: Նույն մամուլը գրում էր, որ Թևոնյանը ոչ միայն չի օգնում Սարգսյանին նախընտրական այս փուլում, այլ մի բան էլ նրա դեմ է աշխատում: Կարելի է ենթադրել, որ Փաշինյանը մաքրում է Սարգսյանի ճանապարհն՝ անսպասելի կերպով մեկուսացնելով Թևոնյանին նախընտրական պրոցեսներից: