Փաշինյանն Արևմուտքի հետ համատեղ վա-բանկ է գնում. ի՞նչ կպատասխանի Մոսկվան
ՎերլուծականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպումից հետո կողմերը հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունն է նաև հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով:
Ի՞նչ է սա նշանակում, նախ և առաջ այն, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, առանց առանձնցնելու Արցախը, նշելու վերջինիս սուբյեկտայնությունը: Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները վերջնականապես ձեռքերը լվանում են Արցախի բանակցային գործընթացից և առաջարկում են Ստեփանակերտին տետ-ա-տետ բանակցել Ալիևի ռեժիմի հետ: Համապարփակ պայմանագրի ստորագրումը այս համատեքստում բերելու է նաև ՌԴ խաղաղախահ զորախմբի Արցախից դուրս բերմանը, ինչը Փաշինյանը չի կարող չգիտակցել: Բացի այդ, ԵՄ քաղաքացիական առաքելության ժամանումը ՀՀ և վերջինիս աշխատանքը Ադրբեջանի հետ սահմանին նույնպես իր մեջ հակառուսական քաղաքականության տարրեր է պարունակում, այն պարզ պատճառով, որ Կրեմլը ընդամենը օրեր առաջ էր դեմ արտահայտվել այդ մեխանիզմի ներդրմանը, ավելին՝ Մոսկվայից հայտնել էին, որ կողմերին են փոխանցել խաղաղության պայմանագրի իրենց տարբերակը, որը, ինչպես հասկանում ենք, հայկական կողմը մերժել է:
Ուշագրավ է նաև այն, թե ինչպես են փոփոխվել Նիկոլ Փաշինյանի հրապարակավ հնչեցրած գնահատականները, կարծիքները և պնդումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ: 2018-ի ապրիլին Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ չի լինելու Արցախյան հարցի ոչ հայանպաստ լուծում, իսկ լուծումը գտնելու են ժողովրդի հետ համատեղ: Այնուհետև, արդեն 2019-ին Փաշինյանը չցանկացավ հայտնել, թե ինչի շուրջ է բանակցում Ալիևի հետ՝ պնդելով, որ ինչ ուզում է, այն էլ բանակցում է: 2020-ին հնչեց նրա հայտնի հայտարարությունը՝ Արցախը Հայաստան է և վերջ: Դրան հաջորդեց 44 օրյա պատերազմը: Երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չկա որևէ գործնական հնարավորություն՝ Արցախը Ադրբեջանի կազմից դուրս թողնելու համար:
Հոկտեմբերի 5-ին՝ ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս Փաշինյանը հայտարարեց. «Այն պահին, երբ Հայաստանն ընդունել է «Մադրիդյան սկզբունքները»՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած՝ ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»: Իրականությունը, սակայն, այն է, որ դեռևս 2007-ին որպես բանակցությունների հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքները» ճիշտ հակառակի մասին են վկայել: Ավելին՝ այն առաջին փաստաթուղթն է, որտեղ ամրագրվում է Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ դա նշանակում էր Արցախի ինքնորոշում, բնականաբար՝ Ադրբեջանի կազմից դուրս:
Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում արագացնելու այն պրոցեսները, որոնք կհանգեցնեն նախ՝ ՌԴ-ի տարածաշրջանից դուրս գալուն և այնուհետև լրջագույն անվտանգային սպառնալիք կստեղծեն Արցախում ապրող մեր հայրենակիցների համար: Ինչևէ, գնդակը, ինչպես ասում են, Մոսկվայի դաշտում է...