Դեռ այնքան զգացմունքներ պետք է զգամ. Արևիկ Ուդումյան
Այլ
Slaq.am-ը շարունակում է բլից հարցազրույցներ անցկացնել հանրահայտ դեմքերի հետ: Այս անգամ զրուցակիցն է սիրված հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը:
-Երկու բառով բնութագրեք ձեզ:
Երկու բառը քիչ է ինձ բնութագրելու համար: Կատակում եմ...
-Եթե ոչ հաղորդավարուհի, ապա ի՞նչ:
Ապա շատ այլ մասնագիտություններ, որտեղ կա շարժառիթ առաջ գնալու, սովորելու, որտեղ կա մարդկային շփում ու օգտակարը ստեղծելու հնարավորություն:
-Ու՞մ հետ եք խոսում Ձեր պրոբլեմների մասին:
Նայած ինչ խնդրի մասին է խոսքը: Շատ են իմ կյանքում այն մարդիկ, ում հետ կարող եմ խոսել ամենակարևորի մասին, թե ընդհանուր առմամբ, թե ամենանեղ իրավիճակների ու անձնական հոգեվիճակի հետ կապված: Մարդիկ, ովքեր կողքիս են տարիներ. Երևի թե առաջին հերթին քույրս է, ով մարդկային հարաբերությունների մեծ գիտակ է, միշտ օգտակար են լինում իր խորհուրդները:
-Խենթություններ կանե՞ք: (եթե այո ապա ում համար կամ ինչի):
Խենթություններ անել արտահայտությունը չեմ սիրում: Կամ ապրում ես ծրագրավորված կյանքով, հոգեվիճակով, ժամերով ու մտքերով, կամ ուղղակի իսկապես ապրում ես բնականաբար օրակարգի ու օրենքների մաս կազմելով, կարողանում ես շնչել, հաճախ դուրս ես գալիս թվերից ու կարծրացած մտքերից: Այս դեպքում տեսնում, լսում ու անում ես ավելին:
-30 տարի անց, ինչպիսին եք լինելու: Ձեր պատկերացումները:
30 տարի անցն արդեն շատ հեռու չէ իմ պարագայում: (Ծիծաղում է)
- Մենակ մնում ե՞ք դուք ձեր հետ:
Հասկացել եմ, որ երևի թե երբեք չեմ լինի ծանրացած ու անչափ հավասարակշռված, անցած տարիներով լուռ հպարտացող մեկը: (Ժպտում է) Աղջիկ/կին երևույթը շատ հետաքրքիր է: Հետաքրքիր է ապրել յուրաքանչյուր շրջանը, բացահայտել նոր ճշմարտություններ, բացահայտել ինքդ քեզ: Գնալով ,իհարկե ավելի հանգիստ եմ արձագանքում իրավիճակներին ու մարդկանց: Այսօր ինձ շատ դուր է գալիս հնարավորությունը կառավարելու սեփական մտքերն ու ճիշտ որոշումներ կայացնելու ազատությունը: Փորձում եմ երբեմն մենակ մնալ ինձ հետ: Իմ առօրյան շատ լիքն է, խիտ, բայց մենակ մնալը անհրաժեշտ է ամփոփելու, հասկանալու ու զգալու համար: Նոր եմ վերադարձել ճանապարհորդությունից, որի նպատակներից էր նաև ինքս ինձ հետ մնալը:
-Անպատասխան հարցեր ունե՞ք: Ում են ուղղված:
Անպատասխան հարցեր կան. բայց գալիս է գիտակցության մի մակարդակ, որ միգուցե սեփական էգոիզմից ելնելով, փորձում ես չունենալ ոչ թե անպատասխան հարցեր, այլ վերացնել քո իրականությունից այդ հարցերը ստեղծող աղբյուրները: Ես ինքս թեպետ ունեմ դեռ նույնիսկ ինձ համար անհասկանալի կողմեր, բայց հարաբերությունների մեջ թե անձնական, թե գործնական, թե ընկերական, ես շատ բաց եմ ու պարզ: Ցավոք մեր իրականությունում հաճախ մարդիկ նախընտրում են ավելի շատ երկար ու ոչ լուսավոր ճանապարհները:
-Ինչի՞ համար կզղջայիք:
Զղջալ կարելի է ամեն ինչի համար: Կարելի է ամեն պահ մտածել, որ գործողությունների այլ դասավորությունը կամ մարդկանց ու քո այլ վերաբերմունքը, բառը, դիմախաղը կտար ավելի լավ արդյունք: Եվ այս տրամաբանությամբ կարելի է գժվել: (Ժպտում է)
Իրականում կգժվեմ, եթե չանեմ կամ չասեմ ամենակարևորը ինձ համար կարևոր մարդկանց նկատմամբ:
-Ի՞նչ չէիք անի երբեք:
Երբեք բառից խուսափում եմ: (Ծիծաղում է)
-Ինչի՞ եք ընդունակ զայրացած ժամանակ:
Ասում են զայրացած ժամանակ ժպտում եմ: (Ժպտում է)
-Այն մարդը ումից վախենում և ամաչում եք:
Վախենում ես, երբ սխալ ես: Իսկ ամաչելը տարիների ընթացքում քչանում է: Ամաչել չէ, պարզապես մեծ հարգանք ու ակնածանք եմ տածում շատերի նկատմամբ:
-Եթե ունենայիք հնարավորություն...
Չլիներ աշխարհում բռնություն, ցանկացած տիպի բռնության գոյությունը, դրա ականատես լինելը ինձ դարձնում է շատ փոքր ու թույլ: Եվ թող չլիներ աշխարհում այդքան մեծ դիսկրիմինացիա:
-Եթե նորից ծնվեիք ինչպես կապրեիք:
Հետաքրքիր. Սեփական կյանքն ու իրականությունը, իհարկե ոչ միշտ, բայց հաճախ մեր ձեռքերում է, ու մեր էներգիայից, մտքերի մաքրությունից ու թռիչքից կախված շատ բան կարող է փոխվել:
- Ամա՞ռ, թե՞ ձմեռ:
Ամառ, ձմեռ, գարուն, աշուն: Կարևորը ճիշտ հոգեվիճակով:
- Ֆիլմերի ո՞ր ժանրն եք նախընտրում:
Ասեմ այսպես. չեմ սիրում ֆանտաստիկա, սարսափ ու թրիլլերներ: Մնացած ժանրերի ցանկացած ֆիլմ, որտեղ կա հետաքրքիր օպերատորական աշխատանք, օրիգինալ սցենար, տպավորիչ ռեժիսուրա, նուրբ հումոր ու շատ այլ գրավիչ կետեր կարող է շատ սիրելի դառնալ: Ես իմիջայլոց տպավորվող եմ ու (ոչ միայն ֆիլմերից): Ու երբ ես տարվում եմ որևէ ֆիլմով, գրքով, ուսմունքով, գաղափարով, սկսում եմ ակտիվորեն գովել այն, կարծես դա իմ վճարովի աշխատանքն է:
- Սիրելի ուտեստը...
Սիրում եմ ուտել համեղ, գեղեցիկն էլ պակաս կարևոր չէ, ձանձրանում եմ կրկնվող ուտեստներից: Երբ նյարդերդ տեղն են, ուտելիքը կյանքը գունավորող կետերից է դառնում:
-Վաղը աշխարհի վերջ է, ի՞նչ կանեք:
Թող չլինի վաղը աշխարհի վերջը: (Ժպտում է) Դեռ այնքան զգացմունքներ պետք է զգամ, նոր վայրեր բացահայտեմ, մարդկանց ճանաչեմ, ունեցածս վայելեմ: Իմիջիայլոց, ես պատրաստվում եմ ապրել երկար: Երկար հանգիստ ու գունավոր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան