«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
Աշխարհ
ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանն ի թիվս կազմակերպության վեց տասնյակից ավելի անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցեց ու ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հունիսի 24-ի նիստին, որը նվիրված էր հակամարտություններում սեռական ոտնձգությունների թեմային:
Քննարկումը, որը նախագահում էր Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգը, մասնակցեցին նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, նրա հատուկ ներկայացուցիչը Զեյմաբ Բանգուրան, ինչպես նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց' Անժելինա Ջոլին:
Մինչ խնդրո առարկայի շուրջ քննարկումները, ԱԽ-ն ընդունեց բանաձև, որը նշում է, որ զինված հակամարտության ընթացքում սեռական ոտնձգությունը կարող է համարվել մարդկության հանդեպ հանցագործություն կամ ցեղասպանության հետ կապված գործողություն ու կոչ անում պետություններին իրենց ազգային քրեական օրենսդրության մեջ ներառել սեռական ոտնձգության հանցագործությունն ամբողջական ձևով՝ այդօրինակ գործողությունը դատապարտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար՝ արդարադատության մեջ ներառելով այդ հանցագործության վերապրողներին:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ հնարավոր չէ լուծել հակամարտություններում սեռական ոտնձգության խնդիրը պարզապես մատնանշելով կամ դատապարտելով հանցագործներին, և որ անհրաժեշտ է իրականացնել հիմնարար փոփոխություններ ինստիտուցիոնալ և հասարակական մակարդակներում: Այդ հանցագործության դեմ պայքարն, ըստ դեսպանի, անհնար է առանց քաղաքական, սոցիալական ու տնտեսական բնագավառներում կանանց ամբողջական մասնակցության: Դեսպան Նազարյանը նաև հավելեց, որ կանայք պետք է մասնակից լինեն ցեղասպանության, անպատժելիության և անվտանգության հարցերի քննարկումներին, եթե մենք ցանկություն ունենք կառուցելու հարատև խաղաղություն: ՀՀ դեսպանն ընդգծեց, որ, թեև հակամարտությունների ազդեցությունը մեծ է հատկապես կանանց և աղջիկների վրա նրանք կարևոր դերակատարում ունեն խաղաղաշինության գործընթացներում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան