Երաժշտասերները նորովի կբացահայտեն Արամ Խաչատրյանին՝ որպես կամերային ստեղծագործությունների հեղինակի
Գիտություն և Մշակույթ
Անվանի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործություններն ամփոփող նոր ձայնասկավառակ է ստեղծվում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արամ Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ տրիոն նոր ձայնասկավառակի միջոցով նպատակ ունի հանրահռչակել կոմպոզիտորի կամերային գործերը:
«Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները, ցավոք, ոչ այնքան հաճախ են հնչում: Ընդհանրապես Խաչատրյանը՝ որպես կամերային ստեղծագործությունների հեղինակ, այնքան էլ հայտնի չէ աշխարհին: Նրան ճանաչում են իր գլուխգործոցներով: Կարծում եմ, որ երաժշտասերների համար շատ հետաքրքիր բացահայտում կլինի ճանաչել նրան նաև որպես կամերային ստեղծագործությունների հեղինակի»,- ընդգծեց Արմինե Գրիգորյանը:
Դաշնակահարուհին հավելեց, որ ձայնասկավառակի ստեղծման աշխատանքները կավարտվեն տարվա առաջին կիսամյակում, և այն կներկայացվի հանրությանը:
Կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականին Կոջորում (Թիֆլիսի մոտ): Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներ' ընդունվել է փողային նվագախումբ։ Մոսկվայում ընդունվել է Գնեսինների անվան երաժշտական քոլեջ, այնուհետև կոնսերվատորիա, որտեղ ուսանել է հայտնի ռուս կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ Առաջին խոշոր աշխատանքը եղել է «Առաջին սիմֆոնիան»։ 1939թ. գրել է առաջին բալետը, որն ի սկզբանե կոչվել է «Ուրախություն», հետագայում վերանայվել և վերանվանվել է «Գայանե»։ 1954թ. արժանացել է ԽՍՀՄ, 1955թ.' ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման, որից հետո ստացել է բազմաթիվ պետական պարգևներ, մրցանակներ: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)