Նեպալի երկրաշարժից վնասը կարող է հասնել 5 մլրդ դոլարի. IHS
Աշխարհ
Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած տնտեսական վնասը կարող է կազմել 5 մլրդ դոլար կամ երկրի ՀՆԱ-ի 20 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով HIS վերլուծական ընկերության փորձագետներին:
Վերլուծաբանները նաև նշում են, որ Նեպալին անհրաժեշտ է մյուս երկրների օգնությունը:
«Շտապ կարգով անհրաժեշտ կլինեն օգնություն ցուցաբերելու և փրկարարական աշխատանքներ անցկացնելու միջազգային լուրջ ջանքեր, ինչպես նաև լայնածավալ միջազգային ֆինանսավորում և տնտեսության վերականգնման երկարաժամկետ տեխնիկական աջակցություն»,-ասված է HIS-ի՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով գլխավոր տնտեսագետ Ռաջիվ Բիսվասի հաղորդագրության մեջ:
Նրա խոսքով՝ Նեպալում տների որակը չափազանց ցածր է: Դրանով է պայմանավորված զգալի ավերածությունները երկրաշարժի էպիկենտրոնի մոտ: Փորձագետը նշում է արտակարգ իրավիճակներից հետո վերականգնվելու Նեպալի խիստ սահմանափակ հնարավորությունները:
Մինչդեռ, ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության գնահատումների համաձայն, վնասի գումարը կարող է կազմել 1-ից մինչև 10 միլիարդ դոլար, բայց կարող է նաև ավելի մեծ լինել:
Առավել ուժգին ստորգետնյա ցնցումները Նեպալում գրանցվել են ապրիլի 25-ին. 7,9 մագնիտուդով առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:41-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 10:11-ին): Դրա էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Կատմանդուից 80 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած շրջանում: 6,6 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 12:15-ին: Տարերքի օջախը գտնվում էր 10 կիլոմետր խորության վրա:
ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների գնահատման և դրանց հակազդման կոորդինացման խմբի տվյալներով՝ ընդամենն աղետի գոտում հայտնվել է առնվազն 6,6 մլն բնակիչ, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից