ԵՄ-ում Թուրքիայի ներկայացուցչությունը Հայոց ցեղասպանության մասին Եվրախորհրդարանի որոշումը Անկարա չի ուղարկել
Աշխարհ
Եվրամիությունում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը ապրիլի 30-ին հետ է ուղարկել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված Եվրոխորհրդարանի ապրիլի 15-ին ընդունած որոշումը, որը ապրիլի 29-ին ներակայացուցչությանն էր ուղարկվել Անկարա փոխանցելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Բրյուսելում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը Եվրոխորհրդարանին հղած նամակում նշել է, որ «չի ընդունում որոշման մեջ արված առաջարկները»:
Որոշման մեջ Եվրոխորհրդարանն Անկարային կոչ էր արել առերեսվել սեփական պատմությանը, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առանց նախապայմանների վավերացնել Թուրքիայի և Հայաստանի միջև 2009 թվականին ստորագրված արձանագրությունները, կյանքի կոչել դրանք և, բացելով հայ-թուրքական սահմանը, առաջընթաց ապահովել երկու երկրներիր միջև հարաբերությունների բարելավման համար:
Թուրքական «Հուրիեթ»-ն այդ առնչությամբ հավելել է, որ վերջին շրջանում Եվրախորհրդարանում Թուրքիայի վերաբերյալ ընդունված գրեթե բոլոր որոշումները Բրյուսելի թուրքական ներկայացուցչությունից հետ են ուղարկվել' առանց փոխանցելու Անկարա: Թերթը Թուրքիայի համար անընդունելի որոշումների հետ ուղարկելը խորհրդանշական բնույթի արձագանք է համարել' նշելով, որ չի կարելի ասել, որ այդ քայլը որևէ ազդեցություն կունենա Եվրոխորհրդարանի վրա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից