ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ութ երկրների նախագահներ կժամանեն Լեհաստան՝ Հաղթանակի հանդիսություններին
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և ութ պետության ղեկավարներ կժամանեն Լեհաստան՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտման 70-ամյակին նվիրված խորհրդաժողովին և հանդիսություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու դիվանատունը:
«Հանդիսություններին մասնակցությունը հաստատել են Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Էստոնիայի, Լիտվայի, Ռումինիայի, Ուկրաինայի նախագահները, Իսպանիայի և Լատվիայի խորհրդարանների նախագահները, Սլովակիայի վարչապետը, Գերմանիայի նախկին նախագահ Հորստ Քյոլերը, Հունգարիայի խորհրդարանի փոխնախագահը և Ֆրանսիայի պաշտպանության նախարարը: Իրենց մասնակցության մասին հայտարարել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Եվրախորհրդի նախագահը»,- ասված է դիվանատան հաղորդագրության մեջ:
«Հանդիսությունները կսկսվեն Համերաշխության եվրոպական կենտրոնում անցկացվելիք «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժառանգությունը» խորհրդաժողովով»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մայիսի 6-7-ին կայանալիք համաժողովը կներառի հինգ բանավեճ, որոնց ընթացքում պատմաբանները կքննարկեն պատերազմի հետևանքների տարբեր մեկնաբանումները:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, մայիսի 7-ի երեկոյան պետությունների և կառավարությունների ղեկավարները հիշատակի միջոցառումների կմասնակցեն Վեստերպլատե հրվանդանում, որտեղ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին ընկան Երկրորդ աշխարհամարտի առաջին ռումբերը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից