Մարդինի բնակիչները թիկունք են դարձրել Էրդողանին
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը քրդաբնակ Մարդին ուղեկցվել է հերթական սկանդալով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շենքի մոտ հավաքվածներն այն պահին, երբ այդ տարածքով անցել է նախագահի մեքենան, թիկունք են դարձրել նրան:
Մարդինում Էրդողանի ելույթին հետևելու համար հավաքվածները մեծաթիվ չեն եղել: Իր խոսքում Թուրքիայի նախագահը կրկին մեծ տեղ է հատկացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին քարոզչություն անելուն:
Կատարվածը Թուրքիայի արևելյան շրջաններ մայիսի 2-ից այց իրականացնող Էրդողանի դեմ բոյկոտի հերթական դեպքն էր: Ավելի վաղ քրդաբնակ Բաթմանի, Դիարբեքիրի քաղաքապետերը հրաժարվել էին գնալ դիմավորելու նախագահին: Թուրքիայի քրդական «Ժողովրդավարական շրջաններ» կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իրենք որոշել են բոյկոտել Էրդողանի այցը քրդաբնակ շրջաններ: Կուսակցությունը որոշումը պայմանավորել էր այն հանգամանքով, որ վերջերս Էրդողանն իր ելույթներից մեկում հայտարարել էր, թե երկրում «քրդական հարց գոյություն չունի»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից