Ղազախստանի ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները
Աշխարհ
Ղազախստանի ընդդիմադիր Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՀՍԴԿ), որը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, մարտի 20-ին կայացած ընտրություններում հավաքել է ընտրողների ձայների 1,18 տոկոսը, չի ճանաչում ընտրությունների արդյունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է կուսակցության հայտարարության մեջ:
«2016 թվականի մարտի 20-ի վաղաժամկետ ընտրություններն անցել են ընտրական օրենսդրության մեծաթիվ կոպիտ խախտումներով: ՀՍԴԿ-ն այդ ընտրությունները լեգիտիմ չի համարում և չի ճանաչում դրանց արդյունքները»,- նշվում է կուսակցության մարտի 21-ի հայտարարության մեջ:
«Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կառավարող կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հավաքել է քվեների 82,15 տոկոսը: ԿՀԸ-ի նախնական տվյալներով՝ Ղազախստանի Կոմունիստական ժողովրդական կուսակցությունն (ՂԿԺԿ) ստացել է ձայների 7,14 տոկոսը, «Ակ ժոլ» («Լուսավոր ուղի») դեմոկրատական կուսակցությունը՝ 7,18 տոկոսը, «Բիռլիք» («Միասնություն») կուսակցությունը՝ 0,29 տոկոսը, Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 1,18 տոկոսը, «Աուիլ» («Գյուղ») ժողովրդադեմոկրատական հայրենասիրական կուսակցությունը՝ 2 տոկոսը:
Այսպիսով, «Նուր Օթան», «Ակ ժոլ», ՂԿԺԿ կուսակցությունները հաղթահարել են յոթտոկոսանոց արգելքը, ինչը նրանց թույլ է տալիս ներկայացված լինել Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսում (ստորին պալատում)»:
Ավելի վաղ ԿՀԸ-ն հրապարակել է մասնակցության նախնական տվյալները, որը կազմել է ռեկորդային 77,1 տոկոս: Ինչպես հայտնել է Տուրգանկուլովը, հանրապետության ընտրական օրենսդրությանը համապատասխան՝ վերջանական տվյալները կհրապարակվեն մարտի 26-ից ոչ ուշ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը