Քերին Մոսկվա այցի ընթացքում կքննարկի Բրյուսելում կատարված ահաբեկչությունը. Պետդեպ
Աշխարհ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մարտի 23-ին Մոսկվայում սկսվող այցի ընթացքում կքննարկի Բրյուսելում կատարված ահաբեկչությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:
«Մոսկվա ուղևորության գլխավոր պատճառն, իհարկե, Սիրիայի իրադրությունն է: Բայց անկարելի է այդ բանավեճն անջատել Բրյուսելում տեղի ունեցածից, մանավանդ եթե պայթյունների համար պատասխանատվության վերաբերյալ «Իսլամական պետության» հայտարարությունները ճշմարիտ են»,- ասել է նա:
Պետդեպի ներկայացուցիչը նաև հայտնել է, թե Վաշինգտոնը չի ակնկալում, որ այդ ուղևորության ընթացքում կվճռվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական ապագան: Նա նաև նշել է, որ «Ռուսաստանի կողմից շարունակվող ռմբակոծումներն ուղղված են ոչ թե ընդդիմության, այլ ԻՊ-ի և «Ան Նուսրայի» դեմ»:
Ավելի վաղ Կրեմլը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի միջև պլանավորվող հանդիպումը: «Իրոք կայանալու է Քերիի և Պուտինի հանդիպումը,- հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:- Պետքարտուղարը և ԱԳ նախարարը նախագահին կտեղեկացնեն իրենց շփումների մասին: Եվ, հավանաբար, նախագահի հետ զրույցի ընթացքում կարծարծվի հարցերի բավականին լայն շրջանակ»:
Պեսկովը ճշտել է, որ օրակարգում առաջին հերթին կլինեն Սիրիային և Ուկրաինային վերաբերող թեմաները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը