Թուրքիան փորձում է պառակտել Իրաքում քրդական կազմավորումները
Աշխարհ
Թուրքիան Իրաքում սկսել է երկու հազար մարտիկներով սունիական բանակ վարժել' փորձելով Մոսուլի ազատագրման գործողություններում պառակտում մտցնել այդ երկրում քրդական կազմավորումների միջև:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական իշխանամետ «Սաբահ» թերթը, Իրաքի սունիական բանակի մարտիկները պետք է մասնակցեն ներկայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Մոսուլի ազատագրության գործողություններին:
Մոսուլը հանդիսանում է Իրաքի նավթային կարևոր կենտրոններից մեկը: Այն ԻՊ-ի ամբողջությամբ վերահսկողությանն անցել էր 2014 թվականի հունիսի 10-ին:
Ավելի վաղ հյուսիսիրաքյան քրդական Rudaw թերթը, հղում կատարելով իրաքյան Քրդստանի կառավարության աղբյուրին, հայտնել էր, որ Թուրքիան Իրաքում «Հաշդ ալ Վաթանի» սունիական բանակ է ստեղծել, որի մեջ, հրատարակության տվյալներով, մտնում են նաև քրդեր:
Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարի համար 2014 թվականին ստեղծվել էր շիա ցեղախմբերի, այդ թվում' քրդերի «Ալ Հաշդ ալ Շաաբի» բանակը, որը բազմիցս մասնակցել է ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին:
Իրաքյան ԶԼՄ-ների համաձայն' «Ալ Հաշդ ալ Շաաբի»-ն պնդում է, որ հենց ինքն է վերահսկելու Մոսուլը նրա ազատագրումից հետո, ինչին դեմ է նավթի արտահանման հարցում Թուրքիայի հետ համագործակցող իրաքյան Քրդստանի ղեկավարությունը' պաշտոնական Էրբիլը: Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) ևս, որը չի ենթարկվում իրաքյան Քրդստանին, հայտարարել է, որ ինքը ևս ցանկանում է մասնակցել Մոսուլի ազատագրմանը, ինչին դեմ են հանդես գալիս Անկարան և Էրբիլը:
Այդ պատճառով Մոսուլի ազատագրման հարցում շիաների բանակի և քուրդ աշխարհազորայինների միջև տարակարծություններ են սկսվել, ինչից ցանկանում է օգտվել Թուրքիան:
Ավելի վաղ Մոսուլն ազատագրելու համար Թուրքիան երկու C-130 ինքնաթիռներով ռազմական օգնություն էր ուղարկել Իրաք: Սպասվում էր, որ Մոսուլի վրա հարձակումը կսկվի 2015 թվականի ապրիլին: Սակայն իրաքյան ԶԼՄ-ներն հայտնում են, որ ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողություններն արդեն մեկնարկել են:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը