Այն, ինչի մասին խոսում են միջազգային կառույցները և ինչի մասին լռում են մեր երկրում
Քաղաքական
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկից հետո, լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Կառավարության և նրա ղեկավարի աշխատանքը գոհացնում է ՀՀԿ-ին, քանի որ Կառավարությունը կարողացել է ապահովել 6 տոկոս տնտեսական աճ, ներդրումների, արտահանման և զբոսաշրջության թվերի աճ:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, խոսելով ԱԺ փոխխոսնակի մատնանշած աճերի մասին, նշեց, որ Շարմազանովի այս հայտարարությունն ընդամենը քաղաքական հայտարարություն է, որի տակ որևէ մասնագիտական կամ տնտեսագիտական վերլուծություն չի կարելի տեղավորել, քանի որ իրական պատկերը բոլորովին այլ է. «Քաղաքական հայտարարություն է ընդամենը, ուրիշ ոչ մի բան: Իրականությունը բոլորովին այլ է: Այդ թվերն իրականության հետ կապ չունեն: Եթե նույնիսկ աննշան տնտեսական աճ կա, ապա դա մի փոքր խմբի է վերաբերվում, որի մեջ են մտնում այն մարդիկ, ովքեր այդքան խոսում են տնտեսական աճից: Այդ տնտեսական աճ ասվածը որևէ տնտեսական հիմնավորում չունի»,-նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ հասարակության հիմնական և զգալի հատվածն այդ տնտեսական աճն այդպես էլ իր մաշկի վրա չի զգացել, քանի որ Կառավարությունը նման բան չէր էլ պլանավորել. «Կառավարությունն այդ տնտեսական աճը չի էլ պլանավորել ո՛չ աշխատավարձի բարձրացման, ո՛չ թոշակների աճի տեսքով, հետևաբար, քաղաքացին ինչպես պետք է զգար, որ լավ է ապրում: Հասարակության 90 տոկոսն աղքատ է, եթե սրան ավելացնում ենք նաև այն 250 հազար գործազուրկների թիվը, ապա ստացվում է՝ միլիոնից ավել մարդ աղքատ է, այսինքն՝ ունենք այն, ինչի մասին խոսում են միջազգային կառույցները և ինչի մասին լռում են մեր երկրում»:
Ըստ տնտեսագետի՝ Հայաստանում հասարակությունը խիստ բևեռացված է՝ մի կողմում աղքատներն են, մյուս կողմում՝ հարուստներն, ովքեր սերտորեն կապված են պետական ապարատի հետ, և օգտագործելով իրենց դիրքն ու պաշտոնը, կարողանում են հարստություն կուտակել: Մինչդեռ, երկրում կարելի կլիներ իրական տնտեսական աճ ապահովել արդյունաբերության զարգացմամբ. «Տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն են ունենում ոչ թե ծառայությունների մատուցումն ու առևտուրը, այլ արդյունաբերության զարգացումը: Իսկ արձանագրված մի փոքր տնտեսական աճը պայմանավորված է դրսի տրանսֆերտների մի փոքր աճով, այնպես որ, դա վերագրել Կառավարության գործունեությանը, սխալ է: Մեզ մոտ բյուջետային ծախսերը վերագրում են տնտեսության զարգացմանը և խոստացված ներդրումների քանակին, իսկ իրականում ներդրումներ ուղղակի չկան: Դրանք ոչ թե նկարված թվեր են, այլ Կառավարությունը կարողանում է դրանք մատուցել յուրահատուկ մոտեցմամբ, այնպես, ինչպես ուզում է»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն