Քաղաքական պայքարը սահուն անցնում է քրեական դաշտ. «Հրապարակ» թերթ
Իրավունք
«Արարատ ցեմենտ» գործարանի հիմնական իրացնող «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանից և նրա ընկեր Ասատուր Առուստամյանից նարկոդիսպանսերում վերցված մազի և մեզի անալիզի պատասխանները դրական են եղել, ինչը նշանակում է, որ նրանք, իսկապես, թմրադեղ են օգտագործել: Մամուլի այս տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը:
Հիշեցնենք, որ նրանց նկատմամբ կալանքի սանկցիա է կիրառվել: Արմեն Մուրադյանն ու Ասատուր Առուստամյանը թմրանյութ պահելու կասկածանքով նոյեմբերի 25-ին ձերբակալվել են:
Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի): Կենտրոնի քննչական բաժնում ընթանում է նախաքննություն:
Նշենք, որ մամուլի փոխանցմամբ' Շլամը, ով ԲՀԿ-ի անդամ է, «Արարատ ցեմենտ» գործարանի արտադրանքի հիմնական իրացնողն է՝ իրացման առյուծի բաժինը նրան է պատկանում: Նրան են պատկանում մոտ 3 տասնյակ ցեմենտատար մեքենաներ: Ի դեպ՝ Մուրադյանը ծագումով Վեդիից է, և նրա եղբայրը մոտ երկու տարի առաջ Արարատում կրակել էր ոստիկանի վրա:
«Ինքը՝ Շլամը, իրավապահների թիրախում հայտնվել է Երևանում: Սա, թերևս, նույնպես պետք է դիտարկել ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ֆոնին: Ըստ էության՝ քաղաքական պայքարը սահուն անցնում է քրեական դաշտ: Մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկա շաբաթներին հետապնդումների նոր ալիք Է սկսվելու ԲՀԿ-ի նկատմամբ», - գրել էր «Հրապարակ» թերթը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում