Քուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է առաջիկա շաբաթներին բանակցություններ անցկացնել Ռուսաստանի, Ուկրաինայի և եվրոպական գործընկերների հետ՝ Եվրոպայի հետպատերազմյան անվտանգության համակարգի շուրջ ընդհանուր մոտեցում ձևավորելու նպատակով։ Նրա խոսքով՝ քննարկումների առանցքում լինելու են անվտանգության երաշխիքները, կողմերի պարտավորությունները և հնարավոր պայմանավորվածությունների իրագործման մեխանիզմները։
Քուշների հայտարարությամբ՝ ԱՄՆ-ն ցանկանում է վերականգնել Մոսկվայի և եվրոպական մայրաքաղաքների միջև անմիջական երկխոսությունը, որը վերջին տարիներին գրեթե բացակայել է։ Նա նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի կողմերը հնարավորություն ունենան միմյանց անմիջականորեն ներկայացնելու իրենց մտահոգություններն ու առաջարկները։
Ամերիկյան նախաձեռնությունը ներառված է Ուկրաինայի պատերազմի կարգավորման ավելի լայն գործընթացում։ Քուշների խոսքով՝ քննարկումները պետք է նպաստեն ոչ միայն ռազմական գործողությունների ավարտին, այլև այնպիսի հետպատերազմյան անվտանգության պայմանավորվածությունների ձևավորմանը, որոնք կնվազեցնեն նոր հակամարտության հավանականությունը։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է կարևոր դեր ունենալ Եվրոպայի անվտանգության համակարգում։
Միաժամանակ, եվրոպական երկրների մասնակցության հարցը շարունակում է մնալ զգայուն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ընդգծել է, որ Եվրոպայի անվտանգության վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել առանց Կիևի և եվրոպական դաշնակիցների մասնակցության։ Քուշները հայտարարել է, որ վերջնական համաձայնությունը պետք է ձեռք բերվի անմիջականորեն ներգրավված կողմերի միջև։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում