Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ
Հայկական Մամուլ
Հրապարակը գրում է.
Նիկոլ Փաշինյանի կուսակիցները, որ իրար հերթ չտալով քանի օր է՝ «հիմնավորում» են, թե որքան ճիշտ է նոր սահմանարության նախաբանից անկախության, իրենց բնորոշմամբ՝ կոնֆլիկտածին հռչակագրին հղումը հանելը, պարզվում է՝ տարիներ առաջ բուռն ընդվզել են այդ առաջարկի դեմ, երբ առաջին անգամ հնչել է այդ միտքը։
Մեզ պատմեցին, որ դեռեւս 5 տարի առաջ՝ 44-օրյա պատերազմից հետո, իշխող «Քաղպայմանագիր» խմբակցության նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը սկսել է փնովել Անկախության հռչակագիրը, մոտավորապես այն կտրվածքով, թե դա ինչ փաստաթուղթ է՝ ցեղասպանության, Թուրքիայի մասին արձանագրումները հնացած մոտեցումներ են եւ այլն, ու ճիշտ կլինի, որ սահմանադրությունը փոխվի, եւ նախաբանից հանվի հռչակագիրը։ Նա, բնականաբար, չի ասել, որ Անկախության հռչակագիրը սկսել է նյարդայնացնել Ադրբեջանի նախագահին, եւ վերջինս է պահանջում, որ Հայաստանի ծննդյան վկայականից հայերը հրաժարվեն, հակառակ դեպքում՝ խաղաղության պայմանագիր չի ստորագրի։ Փաշինյանն ընդամենը զոնդաժ է արել, թե ինչպես կվերաբերվի հայ ժողովուրդն իր առաջարկին, եւ բուռն հակադրման ականատես է եղել, բայց դա նրան չի խանգարել, որպեսզի Ալիեւի պահանջն առաջ մղի։
Տարիներ անց՝ մոտ մեկուկես տարի առաջ, Ալիեւն ինքը բարձրաձայնեց այդ մասին․ Բաքուն, որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, պահանջում է Հայաստանի սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում: Այդ փաստաթղթում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման մասին:
Մեզ պատմեցին նաեւ, որ հինգ տարի առաջվա նիստում, երբ Փաշինյանն ակնարկել է հռչակագրից հրաժարվելու մասին, մեղմ ասած, ողջ ԱԺ ֆրակցիան մեկ մարդու պես ընդվզել է, ոմանք շատ համարձակ ելույթներ են ունեցել, ոմանք՝ զգուշավոր, բայց բոլորը պնդել են, որ անթույլատրելի է ձեռք տալ պատմական փաստաթղթերին։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ իշխող խմբակում ամեն բան մեկ մարդ է որոշում եւ պարտադրում իր որոշումը բոլորին։ Իսկ հետո ստիպում է, որ հենց իրենք եռանդով պաշտպանեն այն, ինչին դեմ են եղել։
ՔՊ-ական մեր աղբյուրն ասում է, որ Փաշինյանն այնպիսի բռնապետական բարքեր է հաստատել կուսակցությունում, որ որեւէ մեկը գլխից ձեռք չի քաշել՝ նրան հակառակվելու, նրանք գիտեն, որ ցանկացած աննշան քայլ, եւ կարժանանան Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի ճակատագրին։ Մեզ ասացին, որ Փաշինյանը նաեւ փափուկ բարձ է դրել կուսակիցների գլուխների տակ, թե հռչակագիրն իր տեղում մնում է, այն պարզապես տեղ չի գտնելու նոր սահմանադրության նախաբանում։
Բայց այս դեպքում էլ անում է այն, ինչը ժամանակին արեց ԵՄ անդամակցության հետ կապված․ ՔՊ-ականներին փաստի առաջ կանգնեցրեց, երբ ամիսներ շարունակ նրանց հետ քննարկում էր ԵՄ անդամակցության հարցը, ու չնայած ՔՊ-ում բոլորն անխտիր դեմ են եղել դրան, բայց դա իրեն չխանգարեց արեւմտյան ՀԿ-ների ձեռքով գործընթացն առաջ մղել ու պարտադրել, որ միաձայն ընդունեն այդ նախագիծը։ Հիմա այդ օրենքի ձեռքը կրակն են ընկել։ ՔՊ-ում կասկածներ կան, որ նույնը հիմա է կրկնվելու՝ Փաշինյանը «քցելու» է իրենց՝ պարտադրելու է այս վտանգավոր ու թերի տեքստն առաջ տանել, հետո մեղքը դնելու է իրենց վրա։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում