Եգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել
Աշխարհ
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի մերձակայքում՝ Գիզայի նահանգի Ալ-Վարաք շրջանում, վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, ևս 21-ը՝ վիրավորվել։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին՝ Կահիրեի շուրջը ձգվող Օղակաձև մայրուղու վրա։ Բեռնատարը, որը տեղափոխում էր նավթամթերք, շրջվել է, ինչից հետո հրդեհը տարածվել է ճանապարհին ընթացող մեքենաների վրա։
Հրդեհը կարճ ժամանակում ընդգրկել է ավելի քան 2 տասնյակ տրանսպորտային միջոց։ Նախնական տվյալներով՝ ամբողջությամբ այրվել է առնվազն 27 ավտոմեքենա և մոտոցիկլետ։ Ականատեսների խոսքով՝ մեքենաներում արգելափակված մարդիկ չեն կարողացել ժամանակին դուրս գալ, իսկ փրկարարները դժվարությամբ են մոտեցել այրվող հատվածներին։
Դեպքի վայր են ուղարկվել 39 շտապօգնության մեքենաներ։ Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, իսկ իշխանությունները սկսել են զոհերի ինքնությունը պարզելու աշխատանքները՝ ԴՆԹ հետազոտությունների միջոցով։ Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհերի թիվը վերջնական է, իսկ դատախազությունը հետաքննություն է սկսել՝ վթարի պատճառները պարզելու համար։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և հանձնարարել համապատասխան մարմիններին աջակցություն ցուցաբերել տուժածներին։ Վթարի ճշգրիտ պատճառը դեռ պաշտոնապես չի հաստատվել։ Նախնական տեղեկություններով՝ բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար պատնեշին, ինչից հետո բռնկվել է։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում