Ուկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա
Աշխարհ
Նոյեմբերի 26-ի գիշերը Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքի արդյունաբերական գոտին ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Տարածաշրջանի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հաստատել է հարձակման փաստը՝ հայտնելով, որ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են մի քանի անօդաչու սարք։
Ըստ տեսահսկման տեսագրությունների ուսումնասիրության, որի արդյունքները հրապարակել է Astra հետաքննական նախագիծը, հարձակման թիրախներից մեկը եղել է Նևիննոմիսկի պետական շրջանային էլեկտրակայանը։ Այն 1551 մեգավատտ հզորությամբ գազային ջերմաէլեկտրակայան է, որն էլեկտրաէներգիա է մատակարարում Հյուսիսային Կովկասի զգալի մասին և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին։ Հաղորդվում է, որ հարվածի տակ է հայտնվել 410 մեգավատտ հզորությամբ էներգաբլոկներից մեկը։
Էլեկտրակայանի հարևանությամբ գործում է «Նևիննոմիսկի Ազոտ» քիմիական գործարանը, որը «ԵվրոԽիմ» խմբի մաս է։ Ձեռնարկությունն արտադրում է նաև այնպիսի քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են պայթուցիկ նյութերի արտադրության մեջ և մատակարարվում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։
Հարձակման հետևանքով պատճառված վնասի չափի, հնարավոր տուժածների և էլեկտրակայանի աշխատանքի վրա ազդեցության վերաբերյալ պաշտոնական ամբողջական տվյալներ դեռ չեն հրապարակվել։ Նահանգապետը բնակիչներին կոչ է արել չմոտենալ անօդաչուների բեկորներին և չտարածել հարվածների ու հակաօդային պաշտպանության աշխատանքի վայրերի տեսագրությունները։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում