«Փաստ». Գագիկ Ծառուկյանը մնալու է քաղաքականության մեջ
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է. «Արտահերթ ընտրությունների արդյունքում իր ստեղծման օրվանից հետո առաջին անգամ խորհրդարանում ներկայացված չի լինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ընտրություններից հետո տարբեր վարկածներ էին շրջանառվում կուսակցության ապագայի հետ կապված:
Օրերս կուսակցության ակտիվի հետ հանդիպմանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել էր. «2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԲՀԿ-ն ներգրավված չի լինելու խորհրդարանում, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է զբաղվենք քաղաքականությամբ։
Գրասենյակները բաց են լինելու, դուք աշխատելու եք ժողովրդի հետ, կարևորը մանդատները չեն»: «Փաստ» թերթի տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը հորդորել է կուսակցության կառույցների միջոցով բոլոր ԲՀԿ-ականներին հասցնել իր տեսակետը, այն է՝ չընկճվել, երբեք հանրությունից չնեղանալ, շարունակել գործել հանուն երկրի ու ժողովրդի:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ծառուկյանը նաև ասել է, որ ինքը մնալու է քաղաքականության մեջ»: