«Ժողովուրդ». Վահե Գրիգորյանը գիշերներն այցելում է Փաշինյանին. որն է պատճառը
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վերջերս սկսել է հաճախ այցելել Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանը:
Ըստ ականատեսների՝ Գրիգորյանը գիշերային այցեր է իրականացնում, Փաշինյանին խորհուրդներ տալիս տարբեր իրավական հարցերի մասով: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ Վահե Գրիգորյանի եւ Նիկոլ Փաշինյանի փոխհարաբերությունները մի քանի ամիս է, ինչ կարգավորվել են:
Նշենք, որ հուլիսի 2-ին չորս քաղաքական ուժեր դիմել էին Սահմանադրական դատարան՝ արտահերթ ընտրությունները չեղարկելու պահանջով, ու այդ հարցում եւս Փաշինյանը խորհրդակցում է Վահե Գրիգորյանի հետ, ներսից նրան ինֆորմացիաներ է հասցնում: Դա է բացահայտել է «Հայաստան» դաշինքը, ինչի համար պահանջ են դրել, որ իրենց բողոք-դիմումի քննությանը Վահե Գրիգորյանը չմասնակցի:
Սակայն ՍԴ-ն մերժեց այս միջնորդությունը, եւ հարցն այն է, որ Վահե Գրիգորյանը ՍԴ անդամ է, ու հիմնավոր փաստեր չկան նրան արգելելու նիստին մասնակցել: Մենք արդեն մի քանի օր է՝ փորձում ենք այս հարցերի շուրջ զրուցել Վահե Գրիգորյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: