«Հրապարակ»․ Փաշինյանը նախկին փորձից դասեր է քաղել՝ ոչ մեկին անպաշտոն չի թողնում
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից օրերս ազատված Հայկ Գրիգորյանը, ըստ ամենայնի, զինդատախազ կնշանակվի: Սա պաշտոնի իջեցում է համարվում, եւ նա, առաջարկը ստանալով, սկզբում չի համաձայնել, սակայն համոզել են, ինչպես ժամանակին համոզեցին ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին՝ ստանձնել ատոմակայանի տնօրենի պաշտոնը։ Փաշինյանը նախկին փորձից դասեր է քաղել՝ ոչ մեկին անպաշտոն չի թողնում, որ «թշնամիների» ճամբարը չհամալրեն: Իսկ ՔԿ արդեն նախկին պետը կարող էր շատ բան ավելացնել Արթուր Վանեցյանի ու Վալերի Օսիպյանի պատմածներին։
Գրիգորյանին փոխելու որոշումը հասունացել է պատերազմից հետո, երբ ՔԿ պետը շեֆի որոշ հրահանգները սրբորեն չի կատարել: Գործող զինդատախազ Վահե Հարությունյանն աշխատում է դեռեւս նախկինների ժամանակներից: Չնայած Գրիգորյանը հակված էր դառնալ Հակակոռուպցիոն մարմնի նախագահ, սակայն այդ պաշտոնը Փաշինյանը խոստացել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, քանի որ ՀՔԾ-ն լուծարվելու է»: