Ավստրիայում հորդառատ անձրևները մեկ մարդու կյանք են խլել (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերԱվստրիայի կենտրոնական մասում գտնվող Զալցբուրգ դաշնային նահանգում ջրհեղեղի պատճառ դարձած հորդառատ անձրևի հետևանքով՝ մեկ մարդ է մահացել, հայտնում է Wetter.at տեղեկատվական պորտալը:
Դեպքը տեղի է ունեցել Saalbach-Hinterglemm համայնքում: Հաղորդվում է, որ ի սկզբանե տեղեկություն կար, որ անհետ կորած մարդ կա։ Նա ընկել էր Զալահ գետը, որն էլ նրան տարել է: Սկսվել է լայնածավալ որոնողական գործողություն, սակայն փրկարարները անհայտ կորածին գտել են արդեն մահացած:
Հանգստյան օրերին հորդառատ անձրևը ջրհեղեղի պատճառ են դարձել Ավստրիայի որոշ շրջաններում։ Ի թիվս այլ նահանգների՝ լուրջ վնաս է հասցվել Զալցբուրգի դաշնային նահանգի Հալլեյն քաղաքին: Այս քաղաքի բնակչությանը կոչ է արվել չլքել իրենց տները և չթաքնվել նկուղներում: Վիեննայում անձրևների և ամպրոպի պատճառով շաբաթ առավոտից հերթապահում են հրշեջները, ովքեր ահազանգ են ստացել ավելի քան 900 անգամ: Ավստրիայի մայրաքաղաքում կիրակի օրը միայն կարճատև անձրև է տեղացել: Ըստ կանխատեսման՝՝ երկուշաբթի երկրում եղանակային իրավիճակը կկայունանա: Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել էր, որ երկրում մոլեգնող վատ եղանակը լուրջ վնասներ է պատճառում շատ տարածքներում և խոստացել էր օգնել աղետի հետևանքներից տուժածներին: