«Ժողովուրդ». Ինչ ճակատագիր ունեցավ Փաշինյանի խորհրդականի հոր գործը
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի հոր գործողությունների մասով հարուցված քրեական գործը կարճվեց: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ հարուցված քրեական գործը կարճվել է վաղեմության ժամկետի հիմքով, եւ վնասը փոխհատուցվել է:
Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ավան վարչական շրջանի պաշտոնատար անձինք, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերեւույթ ապօրինի ներգործության միջոցներ՝վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ:
Այդ հիմնադրամի տնօրենը Վարդապետյանի հայրն է։ Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարում գրել էր, որ Վարդապետյանը կարող է նշանակվել արդարադատության նախարար»: