Ղազախստանի նախագահը նոր վարչապետ է նշանակել
ԱշխարհՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ալիխան Սմաիլովին նշանակել է Ղազախստանի վարչապետ։ Այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Սմաիլով Ալիխան Ասխանովիչին նշանակել Ղազախստանի Հանրապետության վարչապետ»,- ասված է փաստաթղթում։
Ավելի վաղ նրա թեկնածությունը հաստատել էր խորհրդարանի ստորին պալատը։ Տոկաևը Մեջլիսում տեսահաղորդակցության միջոցով իր ելույթի ժամանակ պատգամավորներին առաջարկել է քննարկել Սմաիլովի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում։
Հունվարի 5-ին, աճող բողոքի ցույցերի ֆոնին, Տոկաևն ընդունել է Ասկար Մամինի գլխավորած նախկին կառավարության հրաժարականը։
Օրենսդրության համաձայն՝ վարչապետը, նշանակվելուց հետո տասնօրյա ժամկետում, նախագահին է ներկայացնում նոր կառավարության կառուցվածքի և կազմի վերաբերյալ առաջարկություններ։ Խորհրդարանի ստորին պալատի հանձնաժողովների նիստերում պատգամավորները պետք է համաձայնեցնեն նախարարների թեկնածությունները։