Բաքուն արձագանքել է Ղազախստանի իրադարձություններին
ԱշխարհԲաքուն աջակցում է Ղազախստանում իրավիճակի շուտափույթ կարգավորմանը և երկրում օրենքի գերակայության վերականգնմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստին: Սա Ադրբեջանի առաջին պաշտոնական արձագանքն է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Չի կարող արդարացում ունենալ ուժի և բռնության ապօրինի կիրառումը, որը խաթարում է հասարակական կարգը և սպառնում մարդու հիմնարար իրավունքներին և քաղաքացիական ազատություններին. դա պետք է խստորեն դատապարտվի և մերժվի»,- հավելել է Բայրամովը։
Թյուրքական պետությունների կազմակերպությունը ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարություն է տարածել՝ պատրաստակամություն հայտնելով սատարել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ հանրապետությունում բարեփոխումներ իրականացնելու որոշմանը։