Թուրքիայի վրա ճնշումների մասշտաբներն ընդլայնվել են. Էրդողան
ԱշխարհԹուրքիայի վրա ճնշումների մասշտաբներն ընդլայնվել են: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։
Թուրք նախագահը նշել է, որ 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կանխումից հետո արեւմտյան երկրների դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ ավելի է կոշտացել։
Անկարայի դեմ թաքնված էմբարգո է կիրառվել, որի ակտիվ գործիքը ֆինանսական լծակներն են, պարզաբանել է Էրդողանը։
Նա վստահեցրել է, որ Թուրքիայի կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ երկրի բնակչության վրա գնաճի բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։
«Մենք թույլ չենք տա երկրում չարդարացված թանկացումներ: Արտարժույթի շուկայում մանիպուլյացիաներն ու գնաճի ցուցանիշները ոչ մի կապ չունեն տնտեսության իրական վիճակի հետ։ Թուրքիայի կառավարության ջանքերի ազդեցությունը [տնտեսական ոլորտում] կդրսևորվի արդեն այս տարվա ամռանը»,- ասել է նա։
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ հուլիսին կառավարությունը կրկին կվերլուծի գնաճի ցուցանիշները և անհրաժեշտության դեպքում կվերանայի երկրում աշխատավարձերի մակարդակը։
«Թուրքիայի զարգացման մոդելը կհաստատվի որպես լավագույններից մեկն աշխարհում»,- ընդգծել է նա։