Մոսկվային անհանգստացրել է ղազախ նախարարի «ռուսաֆոբ» հայտարարությունները
ԱշխարհՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Ղազախստանի տեղեկատվության նորանշանակ նախարար, իր «ռուսաֆոբ» հայտարարություններով հայտնի Ասկար Ումարովի ազգայնական արտահայտությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ նման հայտարարություններն անընդունելի են։
«Ցանկացած ազգայնական, այլատյաց հայտարարություն, որը ատելություն կամ թշնամանք է հրահրում ժողովուրդների, ազգերի, ազգությունների միջև, անընդունելի է, քանի որ դա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,- ասել է դիվանագետը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Ումարովի նշանակումը համարում է Ղազախստանի ներքին գործ, և հանրապետության ղեկավարությունը վճռական է ամրապնդել կապերը Մոսկվայի հետ։
«Ղազախստանի ղեկավարությունը հաստատակամորեն հետևում է մեր երկրի հետ բարեկամական հարաբերությունների համապարփակ խորացման և առանց բացառության Ղազախստանի բոլոր քաղաքացիների իրավունքների ապահովման ուղուն»,- Զախարովայի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։