Ինդոնեզիան նոր մայրաքաղաք կունենա
ԱշխարհԻնդոնեզիան նոր մայրաքաղաք կունենա։ Նոր մայրաքաղաքը, որը կլինի Կալիմանտան կղզու հարավ-արևելքում, որոշվել է անվանել Նուսանտարա, որը թարգմանաբար նշանակում է «կղզիախումբ»։ Այս մասին այսօր հայտարարել է Ինդոնեզիայի ազգային զարգացման պլանավորման նախարար Սուհարսո Մոնոարֆան երկրի մայրաքաղաքը փոխելու հարցով կառավարության նիստում։
«Ես նախագահից՝ Ջոկո Վիդոդոյից ստացել եմ հաստատում և հրահանգ, որ նոր մայրաքաղաքը կոչվելու է Նուսանտարա», - նախարարի խոսքերը մեջբերում է CNA-ն։ Նրա խոսքով՝ «այս անունը լայնորեն հայտնի է Ինդոնեզիայի սահմաններից դուրս և հակիրճ բնութագրում է պետությունը՝ որպես արշիպելագ»։
Նախագահ Վիդոդոն դեռևս 2019 թվականին հայտարարել էր Ինդոնեզիայի մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխելու մտադրության մասին։ Այդ նպատակների համար հատկացվել է գրեթե 32 մլրդ դոլար, սակայն, կորոնավիրուսային համաճարակի պատճառով, ծրագիրը կասեցվել է, և նախատեսվում է այն վերսկսել երկու տարի հետո։
Ինդոնեզիան գտնվում է աշխարհի ամենամեծ արշիպելագում, որը բաղկացած է 18 հազար կղզիներից։