Հունաստանի ԱԳ նախարարը հայտարարել է Թուրքիայի սադրանքների մասին
ԱշխարհԹուրքիան շարունակում է սադրանքներ ստեղծել և ոտնահարել Հունաստանի ու Կիպրոսի իրավունքները կիպրիական բացառիկ տնտեսական գոտու ուսումնասիրության հարցում, հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Կիպրոսի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիան, ցավոք, շարունակում է իր սադրիչ գործողությունները՝ ոտնահարելով ինչպես Հունաստանի, այնպես էլ Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունն ու իրավունքները։ Վերջերս Թուրքիան խոչընդոտներ է ստեղծել օրինական աշխատանք իրականացնող հետազոտական նավի (Nautical Geo- խմբ.) աշխատանքի համար։ Այս անընդունելի վարքագծի հարցը մենք շարունակելու ենք հստակորեն բարձրացնել մեր եվրոպացի գործընկերների առջև և միջազգային բոլոր հարթակներում»,- ասել է նախարարը։
Հունական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հունվարի 15-ին թուրքական սահմանապահ ֆրեգատը ծովում կանգնեցրել է Nautical Geo հետազոտական նավը, ապա պահանջել, որ նավը չմտնի Կիպրոսի ԵՏԳ-ի մաս համարվող հետազոտական և աշխատանքային տարածք։ Նավի նավապետը ստիպված է եղել ենթարկվել պահանջներին: