Սաակաշվիլին հայտարարել է Լուկաշենկոյի հետ գաղտնի հանդիպումների մասին
ԱշխարհՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Լոնդոնում գաղտնի հանդիպումներ է ունեցել Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին նա ասել է Թբիլիսիում կայացած դատական նիստի ժամանակ, չորեքշաբթի՝ փետրվարի 9-ին, հայտնում է Грузия Online-ը։
«Ես չորս անգամ գաղտնի հանդիպել եմ Լուկաշենկոյի հետ Լոնդոնում: Սա առաջին անգամն է, որ ես խոսում եմ այս մասին: Դա գաղտնի դիվանագիտություն էր: Այն, որ Լուկաշենկոն դեռ չի ճանաչել Հարավային Օսիան և Աբխազիան, դա Լոնդոն կատարած իմ այցերի արդյունքն է»,- ասել է Սաակաշվիլին:
Նշենք, որ վերջերս Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել էր, որ չի բացառում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը։ Նրա խոսքով, հենց ինքը հասկանա այդ քայլի անհրաժեշտությունը, և այդ մասին իրեն ասի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ապա դա կարող է տեղի ունենալ։